ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երեւանի թիվ 38 մանկապարտեզ, որտեղ մասնակցել է ամանորյա հանդեսին: Նախարարը անակնկալ էր պատրաստել երեխաների համար` ներկայանալով Ձմեռ պապի կերպարանքով: Նա շնորհավորել է երեխաներին եւ նրանց նվերներ բաժանել: Միջոցառումն անցել է բարձր եւ տոնական տրամադրությամբ:
Հանդեսի ավարտին լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշել է, որ Ձմեռ պապի կերպարանքով հանդես գալով` ցանկացել է անակնկալ մատուցել եւ երեխաներին ուրախացնել: «Հուսով եմ, որ անակնկալը ստացված էր: Սա տարվա առաջին հայացքից ամենապարզ, բայց ամենաբարդ գործն էր: Հուզված եմ շատ եւ ցանկանում եմ, որ այս հեքիաթը դառնա բոլորիս կյանքի անբաժանելի մասը: Երեխաներից լիցքավորվեցի այն ամենով, ինչի կարիքն ունի յուրաքանչյուր մեծահասակ` մաքրություն եւ անմիջականություն: Ձմեռ պապը բարության, հաճելի անակնկալների եւ վաստակած հաջողությունների գրավականն է: Ողջ տարի ապրում ես, սովորում, աշխատում, որովհետեւ կարծում ես, որ արժանի ես ինչ-որ բանի: Եվ այդ հանգամանքը պետք է անպայման փոխհատուցվի»,-նշել է նախարարը եւ հավելել, որ մտահղացման հեղինակն ինքն է: Անդրադառնալով նախադպրոցական կրթության նշանակությանը` նախարարը նշել է. «Ես մանկապարտեզ չեմ գնացել։ Դա, իհարկե, լավ չէր, որովհետեւ մանկապարտեզը երեխաներին հասարակությանն ընտելացնելու եւ կրթական հիմքերը դնելու լավագույն ձեւն է»։



























