Ռուսաստանցի զբոսաշրջիկների ինչ-որ մասը կարող է Թուրքիան եւ Եգիպտոսն իր համար Հայաստանով փոխարինել: Այդ մասին դեկտեմբերի 25-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Ճիշտ է, անհրաժեշտ է հասկանալ, որ նման մարդիկ փոքրամասնություն կլինեն, չէ՞ որ Անթալիա կամ Խուրգադա հիմնականում ծովի համար էին գնում, ընդգծել է նա: 

Նույնիսկ հիմա, երբ դեպի Թուրքիա եւ Եգիպտոս զբոսաշրջային ուղեւորությունները սահմանափակ են, զբոսաշրջիկների մեծամասնությունն իր համար ծովային այլ հանգստավայրեր է փնտրում: 

«Բայց դա չի նշանակում, թե նրանցից ոչ մեկը սկզբունքորեն չի կարող Հայաստանով հետաքրքրվել: Այդ սեգմենտում կարելի է ու պետք է աշխատել, ինչպես որ ընդհանրապես ռուսաստանյան շուկայում», - հավելել է Ապրեսյանը:

Ռուսական տուրօպերատորների եւ լրագրողների արդեն մի քանի ճանաչողական ուղեւորություն է կազմակերպվել Հայաստան: Իսկ Ռուսաստանում «Արցախի օրեր» են անցկացվել: Ռուսաստանի 20 տուրօպերատոր եւ լրագրող ծանոթացել է Հայաստանի եւ Ղարաբաղի զբոսաշրջային հնարավորություններին, հավելել է Ապրեսյանը: