60-ամյա Սոնա Բեգլարյանն արդեն մի քանի տարի ամուսնու՝ 70-ամյա Գառնիկ Բեգլարյանի հետ մենակ է մնացել հայրենի գյուղի իրենց տանը: Զավակները մի քանի տարի առաջ հեռացել են գյուղից, սակայն ծնողներին չեն կարողանում համոզել՝ իրենց մոտ տեղափոխել:
«Գյուղը ո՞նց լքեմ, ո՞նց թողնեմ ամբողջ ստեղծածս ու գնամ»,- ասում Գառնիկ պապը:
Բեգլարյանների տունը գյուղում ամենաշատն է տուժել վերջին երկու օրերին հակառակորդի գնդակոծություններից, քանի որ այն ամենամոտն է հակառակորդի դիրքերին: Բարեբախաբար, վնասը միայն նյութական է եղել:
«Կպել ա երկաթին, ծակել ու եկել, կպել պատին: Լավ ա՝ տուն չի մտել: Մեկն էլ, նայեք, բաղնիքի պատին է կպել, էնտեղ ընկած են մնացորդները»,- NEWS.am-ի նկարահանող խմբին տան վնասված պատերն է ցույց տալիս տիկին Սոնոն:
Գնդակը Բեգլարյանների տան պատին դիպչել է կեսգիշերին մոտ, սակայն ամուսինները չեն համարձակվել տնից դուրս գալ՝ վնասի չափը հասկանալու համար: Ամբողջ գիշեր արթուն են մնացել ու միայն առավոտյան են համարձակվել տնից դուրս գալ: Տանիքը վնասվել է, թե ոչ, Բեգլարյանները դեռ չգիտեն. տանիք չեն կարողանում բարձրանալ:
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը գնդակոծվել է նաեւ գյուղի դպրոցը, վնասվել է դպրոցի ճաշարանի պատը, դուռը, «Հայփոստ»-ի գրասենյակի պատուհանը ու գազի խողովակը. «Բարեբախտաբար, գյուղը գազաֆիկացված չէ, թե չէ էդ գնդակից կպայթեր տրուբեն ու պատկերացնել անգամ չեմ ուզում, թե ինչ կլիներ»: շ
Աշակերտներին գնդակոծությունից պաշտպանելու համար գյուղի դպրոցի պատուհաններին քարեր են շարել պատուհանների փոխարեն: Գյուղապետն ասում է՝ շատ գյուղացիներ նույնպես իրենց տների պատուհանները փակել են քարերով:








































