ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը չի ցանկանում միջամտել Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքի կրճատման շուրջ ծագած վեճին, քանի որ այն «ստեղծագործական տիրույթում է»։
«Ես շատ ցավում եմ, որ Գեղամ Գրիգորյանը եւ Կարեն Դուրգարյանն իրար հետ ընդհանուր հայտարարի չեկան, որովհետեւ ես կարծում եմ, որ հանգիստ խոսելու պարագայում նրանք կարող են միմյանց շատ լավ հասկանալ։ Միջամտել այս պահին, ես չեմ կարող եւ չեմ էլ ուզում, քանի որ դրանք ստեղծագործական խնդիրներ են եւ ես չեմ ուզում պատասխանատվությունը որեւէ ձեւով վերցնել մշակույթի նախարարության վրա ես։ Ես հուսով եմ, որ Կարեն Դուրգարյանը երկրից չի հեռանա եւ այդ որոշումը չի ընդունի այդ ձեւով։ Բոլորս էլ կարող ենք հիասթափութուն ունենալ, բայց դա չի նշանակում, որ մեր խնդիրները պետք է լուծենք մեր երկրի հողի հետ»,- այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հասմիկ Պողոսյանը։
Մեր դիտարկմանը՝ եթե իրավական առումով լիազորված չէ միջամտել, զուտ լավ կադր կորցնելու մտահոգությամբ չի՞ ուզում միջամտել ու հարցն ավարտել հօգուտ հաստիքի պահպանման, նախարարն արձագանքեց. «Դիրիժորի հաստիքը որքանով գիտեմ գեղարվեստական ղեկավարի կողմից պահպանված է, այստեղ խոսքը գլխավոր դիրիժորի մասին է, ե՛ւ հաստիքը, ե՛ւ աշխատավարձը ամբողջովին նույնությամբ պահպանվում է։ Այստեղ խոսքը բացառապես ստեղծագործական մտեցման մասին, որտեղ ես չեմ կարող միջամտել։ Եթե Կարեն Դուրգարյանը դուրս մնար թատրոնից, այդ ժամանակ ես կմիջամտեի, որովհետեւ ես կհամարեի, որ նա պետք է լինի թատրոնում, բայց սա ստեղծագործական խնդիր է եւ թող ժամանակը ցույց տա, թե ոնց կլուծվի հարցը»։
Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի եւ Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանն առաջարկել է վերացնել թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը եւ օտարերկրյա դիրիժորների հրավիրել: Նրա խոսքով, մեկ-երկու տարի նվագախումբը գլխավոր դիրիժոր չի ունենա: Նվագախմբի երաժիշտները դեմ են այդ որոշմանը եւ աջակցում են գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին:



























