Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր պաշտոնանկության լուրերից չի անհանգստանում, դրանց վերաբերվում է սթափ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախարարն՝ անդրադառնալով ժամանակ առ ժամանակ իր պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերին։

«Ես այդ թեմային վերաբերվում եմ շատ սթափ, հանգիստ եւ առանց հատուկ հետաքրքրության, ցավոք սրտի։ Չեմ կարող արձանագրել ինձ մոտ այնպիսի հետաքրքրություն, ինչպիսին որ մարդկանց մոտ է դրա նկատմամբ։ Մարդուն տրված է ինչ-որ մի ճանապարհ անցնելու եւ,  բնականաբար, ամեն ինչ չի որ քեզանից  է կախված եւ ինչքան, որ  պետք է կաշխատեմ, որքան որ պետք չէ,  չեմ աշխատի։ Դրան շատ հանգիստ եմ վերաբերում այդքան բան»,-ասաց Հասմիկ Պողոսյանը։

Դիտարկմանը, որ վերջին շրջանում  մշակույթի նախարարի պաշտոնի համար շրջանառվում է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Արմեն Ամիրյանի թեկնածությունը, Հասմիկ Պողոսյանն արձագանքեց. «Ես նորմալ եմ վերաբերում մարդկանց ցանկություններին, ես չեմ լարվում, որքան որ լարվում են նրանք, որոնք այդ գործընթացի մեջ մտնում են,  որեւէ խնդիր չկա։ Ես  կարծում եմ, որ ժամանակը բոլոր պատասխանները տալիս է։ Ես անգամ երբեք չեմ անդրադառնում դրանց՝ հիշեցնելով, թե այդ կարգի խոսակցությունները որոշ ժամանակ  անց ճիշտ են, թե՞ սուտ։ Կարեւորը որ ինքդ կարողանաս քո առջեւ լինես ազնիվ»:

Ի դեպ, 2016-ին կլրանա Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարման տասը տարին։

Նշենք, որ «Ժամանակ» թերթն այսօր կրկին գրել էր մշակույթի նախարարի պաշտոնանկության մասին։ «Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ արդեն հունվարի կեսերին կարող են փոփոխություններ տեղի ունենալ կառավարության կազմում: Իրենց պաշտոններին հրաժեշտ կտան մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Ըստ նույն աղբյուրի՝ կփոխվեն նաեւ Արմավիրի, Արագածոտնի ու Շիրակի մարզպետները:

Մենք արդեն գրել ենք, որ ՀՅԴ-ն երեք մարզպետի պաշտոն է ուզում, սակայն դժվար  է ասել, թե այս փոփոխությունները որքանով կապ ունեն իշխանություններ-ՀՅԴ պայմանավորվածության հետ»: