ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը   AFP-ի վարկածով տարվա ամենաազդեցիկ մարդ է ճանաչվել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարկանիշի երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել: 

Գործակալությունը նշում է, որ AFP-ի լրագրողները Մերկելին անցնող տարվա ամենաազդեցիկ ֆիգուր են ճանաչել ԵՄ-ում միգրացիոն ճգնաժամի եւ Հունաստանի պետական պարտքի հարցի լուծման գործում նրա վաստակի համար: Մերկելը նաեւ Time ամսագրի վարկածով էր տարվա ամենաազդեցիկ մարդ ճանաչվել:  

Ռուսաստանի նախագահը  երկրորդ տեղն է զբաղեցրել այն մարդկանց ցուցակում, որոնք լրագրողների կարծիքով առավելագույն ազդեցությունն են ունեցել  2015-ի համաշխարհային գործընթացների վրա: 2014-ին Պուտինն էր գլխավորում այդ վարկանիշային աղյուսակը:  

Քվեարկությանը մասնակցել են գործակալության աշխատակիցներ ամբողջ աշխարհով մեկ: Իր ազդեցիկությամբ երրորդն աշխարհում դարձել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, իսկ չորրորդ տեղում փարիզցիներն են, որոնց գործակալությունն առանձնացրել է իրենց համերաշխության համար հունվարի  7-ի եւ նոյեմբերի 13-ի ահաբեկչական գործողություններից հետո, որոնց ընդհանուր առմամբ զոհ էր գնացել   147 մարդ:

Արժե նշել, որ գործակալության կազմած վարկանիշի հինգերորդ տեղում հայտնվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: