ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս եւ առաջնագիծ, շնորհավորել սահմանապահ զինվորներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Գյուղնախից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը զրուցել է զինվորների հետ, նրանց ամանորյա նվերներ է հանձնել եւ շնորհակալություն հայտնել հայրենիքին մատուցած ծառայության, ցուցաբերվող կամքի եւ արիության համար:
« Տղաներ, դուք մերօրյա հերոսներն եք, մենք հպարտության մեծ զգացումով եք լցվում, որ ունենք նման հզոր բանակ եւ Ձեզ պես քաջարի մարտիկներ: Մեր երկիրը կարող է զարգացում ապրել եւ առաջընթաց ունենալ միայն այն դեպքում, երբ մեր երկրի սահմաններն անառիկ են, եւ այդ առաքելությունը Դուք այսօր պատվով եք իրականացնում»,– զինվորների հետ զրույցում նշել է գյուղատնտեսության նախարարը:
Նա զինվորներին մաղթել է բարձր տրամադրություն եւ մարտական ոգի, բարի ծառայություն՝ խաղաղ դիմավորելու նոր տարվա արշալույսները:
Նախարարը զորամասի հրամանատար, գնդապետ Վահե Հովսեփյանի ուղեկցությամբ շրջել է զորամասում, զրուցել սպայական անձնակազմի հետ, ծանոթացել զիվորների կեցության պայմաններին:



























