Reuters-ի կողմից հարցված ամերիկացի բա րձրաստիճան պաշտոնյաները եւ ռազմական վերլուծաբանները համարում են, որ Սիրիայում ռազմական գործողություների երեք ամսվա ընթացքում Ռուսաստանը կարողացավ հասնել իր հիմնական նպատակին` ամրապնդել երկրի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը: Միաժամանակ, ինչպես նշում է գործակալությունը, իր զրուցակիցների արտահայտած կարծիքը հակասում է Վաշինգթոնի պաշտոնական հռետորաբանությանը: 

«Իմ տեսանկյունից, անվիճելի է այն փաստը, որ ռուսական ռազմական աջակցության շնորհիվ Ասադի վարչակարգն ավելի պաշտպանված դարձավ, քան նախկինում էր», - իր անունը չհայտնելով` ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակարգի բարձրաստիճան պաշտոնյան: Եվս հինգ պաշտոնյա գործակալության հետ զրույցում ընդունել են, որ ռուսական գործողությունն առայժմ արդյունավետ է եղել եւ մեծ ծախսեր չի պահանջել, տեղեկացնում է РБК-ն:

Վերլուծաբանների գնահատականով, որը մեջբերում է  Reuters-ը, գործողությունների ընթացքում Մոսկվայի ծախսերը տարեկան կազմում են   1-2 մլրդ դոլար: Ինչպես նշել է ամերիկյան հետախուզության ներկայացուցիչը, այդ միջոցները հատկացվում են Ռուսաստանի պաշտպանական բյուջեից, որը  54 մլրդ դոլար է կազմում:

Ինչպես նշում է Reuters-ը, հարցված պաշտոնյաների կարծիքը չի համընկնում այն դիրքորոշման հետ, որը մի քանի անգամ արտահայտել է Բարաք Օբաման: Այսպես, հոկտեմբերի սկզբին ԱՄՆ-ի նախագահը ասել էր, որ   «Ռուսաստանի եւ Իրաքի փորձը` աջակցելու Ասադին եւ հանգստացնելու բնակչությանը, նրանց ճահճի մեջ կքաշի»:  Դեկտեմբերի սկզբին նա հայտնեց, որ Ռուսաստանը ներքաշվում է  «անարդյունք եւ կաթվածահար անող քաղաքացիական հակամարտության մեջ»: