Երեւանի Հանրապետության հրապարակում, մայր եղեւնու լույսերի միացմանը զուգահեռ, դեկտեմբերի 21-ին, լուսավորվել են նաեւ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաեւ շատրվանները:
Քաղաքապետարանի մամուլ ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի ամանորյա տեսքն ապահովել են 987 փողոցային գեղարվեստական լուսավորության զարդերը, որոնք տեղադրվել են բոլոր վարչական շրջանների ավելի քան 50 փողոցներում։
Գեղարվեստական լուսային ձեւավորում են ստացել նաեւ 1700-ից ավելի ծառեր բոլոր վարչական շրջաններում։ Ծառերի լուսային ձեւավորման համար օգտագործվել են 18758 լուսային շղթաներ՝ ընդհանուր 1.875.800 լեդ լամպերով։ Բոլոր վարչական շրջաններում տոնական լույսերով ձեւավորված են ավելի քան 20 այգիներ ու պուրակներ, եւ յուրաքանչյուր վարչական շրջան ունի իր կենտրոնական տոնածառը։
Ավանդույթի համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանը հայտարարել է «Ամենագեղեցիկ տոնական ձեւավորման» մրցույթ, որի շրջանակում յուրաքանչյուր վարչական շրջանից կընտրվեն լավագույն ձեւավորում իրականացրած կազմակերպությունները, ինչպես նաեւ քաղաքացիները, ովքեր տոնական տեսք կհաղորդեն իրենց պատշգամբներին:
Բացի այդ, կխրախուսվեն նաեւ կրթական ու մշակութային այն հաստատությունները, որոնք լավագույնս կձեւավորեն իրենց շենքերի արտաքին տեսքը։ Լավագույնները կարժանանան Երեւանի քաղաքապետի պատվոգրերի եւ հատուկ խրախուսական մրցանակների։




























