ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիմումի հիման վրա կալանավորված, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանի գործով նախաքննությունն ավարտվել է:
NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Զավեն Միրիջանյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր արարքի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի եւ հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի անդամի լիազորությունների ազատ իրականացմանը նյութապես շահագրգռելով խոչընդոտելու համար:
Միրիջանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րեւդ կետով: Նա կալանավորված է:
Նշենք, որ դեկտեմբերի 7-ին առաջին ատյանի որոշում էր կայացրել մեղադրանք առաջադրել Զավեն Միրիջանյանին, իսկ խափանման միջոց էլ ընտրել էր կալանավորումը:
Ավելի վաղ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ հաղորդման մեջ առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ եւ բավարար հիմքեր:



























