ՀՀ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ անցկացվող հանրաքվեի ընթացքում թիվ 10/14 ընտրատեղամասում նշանակված հանձնաժողովի անդամ Ալլա Հ.-ն հայտնել է, որ քվեարկության հետ կապված ճշտումներ կատարելու շուրջ վիճաբանել է իրեն անծանոթ հինգ քաղաքացիների հետ, որի ընթացքում նրանցից մեկը հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Բացի այդ, հիշյալ ընտրատեղամասում ընտրությունների անցկացման ամբողջ ընթացքում գրանցվել են բազմաթիվ խախտումներ, մասնավորապես՝ հանձնաժողովի անդամը կեղծ ստորագրություններ է դրել եւ կնքել գրանցամատյաններում, որից հետո տարբեր քաղաքացիներ ստացել են ծրարներ եւ քվեաթերթիկներ, ապա քվեարկել եւ հեռացել են, նույնիսկ առանձին քաղաքացիներ ներկայացել են ընտրության արդեն իսկ իրենց մոտ եղած ծրարներով եւ դրանք գցել քվեատուփի մեջ:   

Հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը բռնություն գործադրելով զուգորդված խոչընդոտելու, քվեարկության արդյունքները կեղծելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 150-րդ հոդվածով եւ 154.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տեղեկացնում ենք նաեւ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ընտրական գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2015 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ քննվում են 24 քրեական գործեր, որոնցից մեկը ինչպես արդեն նշել ենք՝ մեղադրական եզրակացության կազմմամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: