Թուրքիան չի աջակցում «Իսլամական պետություն» խմբավորմանը, փոխարենն աջակցում է Սիրիայում ավելի վտանգավոր  իսլամիստական խմբավորումների: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Փորձագետի խոսքով, այդ խմբավորումների շարքին են դասվում «Ջեբհաթ ան-Նուսրան», «Արար ալ-Շամը», «Ջեյշ ալ-Իսլամը»:

«Իսլամական պետություն» դեմ հիմա պայքարում են բոլորը, իսկ «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորմանը Թուրքիան փորձել է համոզել հրաժարվել «Ալ Կաիդայի» հետ կապերից, նպատակ ունենալով ներգրավել նրան սիրիական ընդդիմության մեջ: Բայց նրանք նման հայտարարություն չեն արել, թեեւ աջակցությունը չի դադարել:

Այդ կառույցի շատ առաջնորդներ բուժում են ստացել Թուրքիայում: Մեր խնդիրն այն է, որ մենք կենտրոնացել ենք ԻՊ-ի դեմ պայքարի վրա»,-ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ Թուրքիան աջակցելով այդ խմբավորումներին, լուծում է իր հարցերը:

«Թուրքիան չի կարողանում հաշտվել անկախ քրդական տարածքների առկայության հետ: Դա ամենակարեւոր հարցն է, որը նա պետք է լուծի: Դրա համար Թուրքիան աջակցում է իր համար կանխատեսելի խմբավորումներին, որոնք կարող են արդյունավետ պայքարել քրդերի դեմ»,-ամփոփել է Սարգիս Գրիգորյանը: