Փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանն ու Վահե Գրիգորյանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացրել Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գործով բողոքը:
2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում բազմահարկի դեմ բողոքող բնակիչները և նրանց միացած ակտիվիստները փորձել էին փակել Կոմիտասի պողոտան: Արգիշտի Կիվիրյանին Կոմիտասի պողոտայից բերման էին ենթարկել: Նրա նկատմամբ արձանագրություն էր կազմվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը: Առաջին ատյանի դատարանը Կիվիրյանին տուգանել էր 50 հազար դրամով, իսկ մյուս ատյաններն էլ անփոփոխ էին թողել որոշումը:
Հիշեցնենք, որ նույն դեպքի առթիվ Կիվիրյանի դեմ հարուցվել էր նաև քրեական գործ: Կիվիրյանը հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը:
2015թ. հունիսի 8-ին առաջին ատյանի դատարանն Արգիշտի Կիվիրյանին մեղավոր էր ճանաչել, տուգանել նվազագույն աշխատավարձի 400-ապատիկի չափով՝ 400 հազար դրամով: Դատարանը սակայն Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը համաներումով չի կիրառել: Վերաքննիչ քրեական դատարանն էլ օգոստոսի 20-ին արդարացրել էր ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող՝ Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին:




























