Սուրբ ծնունդը ու Նոր տարին հիրավի ձմեռվա գլխավոր իրադարձություններն են համարվում: 2015թ մի շարք երկրների իշխանություններ, որտեղ բնակչության մեծամասնությունը իսլամ է դավանում, այս կամ այն պատճառներով արգելել են քրիստոնեական հանդիսությունը, հայտնում է Lenta –ն:

Դեկտեմբերի 23-ին Սոմալիի իշխանություններն արգելել են Սուրբ ծնունդի ու Նոր տարվա տոնակատարությունները: Աֆրիկական երկրի կառավարությունը, որի բնակիչների հիմնական մասը մահմեդական սունիներ են, հասկացրել է, որ քրիստոնեական տոները անտեղի են ու մի քիչ վտանգավոր:

Հանրապետության դաշնային կառավարությունը հայտնել է, որ տոները արգելվում են անվտանգության նկատառումներով: Սոմալիի կրոնական գերագույն խորհրդում պարզաբանել են, որ ցանկացած ոչ մահմեդական հանդիսություններ կարող են սադրել «Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող «Աշ Շաբաբի» իսլամիստներին, որոնք երկրի հարավային ու կենտրոնական մասերում ընդարձակ տարածքներ են վերահսկում: Այդ տարածքներում ծայրահեղականները փորձում են իսլամական օրենքներ սահմանել՝ օգտագործելով ահաբեկչական մեթոդներ:

Չնայած արգելքը վերջերս են սահմանել, բայց քրիստոնեական տոները երկրում սկսեցին շատ համեստ նշել 2009 թ սկսած՝ երբ երկրում պաշտոնապես շարիաթի օրենքներ հաստատվեցին: Նոր տարին ու Սուրբ ծնունդը հանրապետության տարածքում կարող են միայն օտարերկրացիները նշել իրենց սեփական տներում, բայց ոչ հյուրանոցներում, ռեստորաններում ու մյուս հրապարակային տեղերում:

Open Doors միջազգային բարեգործական կազմակերպության հետազոտության արդյունքներով Սոալին երկրորդ տեղն է զբաղեցնում այն երկրների ցանկում, որտեղ քրիստոնեական բնակչության իրավունքները ամենից հաճախ են ոտնահարվում: Առաջինը ԿԺԴՀ-ն է:

Իսկ Բրունեյի կառավարությունը ոչ միայն արգելել է Սուրբ ծնունդը նշելը, այլեւ քրեական պատիժ ու տուգանք է սահմանել համապատասխան որոշումը խախտելու համար:Իրավախախտներին պատժելու են 20 հազար դոլարի չափով տուգանքով կամ/ եւ հինգ տարվա ազատազրկումով:

Հարավարեւելյան Ասիայի պետության բնակչության թվաքանակը 420 հազար է, 32 տոկոսը մահմեդականներ չեն: Այս կատեգորիան իրավունք ունի նշել հանդիսությունը, եթե միջոցառումները չանդրադառնան բնակչության մահմեդական մասի վրա: Բրունեյի սուլթան Հասսանալ Բոլկիախը այս արգելքը բացատրել է նրանով, որ Սուրբ ծնունդի տոնական միջոցառումներն ու խորհրդանիշները «վնասում են մահմեդականների կրոնին»:

Հիշեցնենք, որ 2014 թ մայիսի 1-ին Բրունեյում ուժի մեջ է մտել քրեական օրենսգիրքը, որի հիմքում շարիաթի օրենքներն են: Այն նախատեսում է օրինակ քարկոծման միջոցով մահապատիժ՝ ամուսնական դավաանության համար, վերջույթների անդամահատում գողության համար, ոգելից խմիչքի վաճառքի ու գործածման արգելք: Սոցցանցերի օգտատերերը արձագանքել են մահմեդական երկրի նոր օրենքներին: Բրունեյի բնակիչները Instagram –ում սկսել են ակցիա՝ #MyTreedom հեշթեգով, որի շրջանակում հրապարակում են Սուրբ ծնունդին ու քրիստոնյաներին աջակցություն հայտնող մեկնաբանություններ:

Դեկտեմբերի 21-ին Տաջիկստանը նույնպես միացավ այն երկրների ցանկին, որտեղ Սուրբ ծնունդն ու Նոր տարին հետապնդումների են ենթարկվում: Պետության տարածքում հիմա ապօրինի է համարվում հրավառությունները, տոնական կերակրատեսակների պատրաստումը, նվերների փոխանակությունն ու տոնակատարության համար դրամահավաքը: Նաեւ արգելված է դպրոցներում ու համալսարաններում կենդանի կամ արհեստական տոնածառներ զարդարելը:

Երկրի բնակչության մեծ մասը մահմեդականներ են: Տաջիկստանում քրիստոնեական կրոնի ներկայացուցիչները հիմնականում ուղղափառներ են: Կրթության ու գիտության նախարարության հրամանի համապատասխան՝ դպորցականներին ու ուսանողներին արգելվել է մասնակցել զանգվածային տոնակատարությունների ու խնջույքների: Որպես ամանորյա զվարճանք՝ նախարարությունը խորհուրդ է տվել մշակութային ու գրական,կամ էլ մարզական միջոցառումներ կազմակերպել: Տոների մասին միակ հիշատակումը կլինի զարդարված տոնածառը, որը մի քանի օրով կդրվի Դուշանբեի հրապարակներից մեկում:

Տաջիկստանը արդեն մի քանի տարի է գնում էր դրան: 2013 թվականից հանրապետությունում արգելված է պետական հեռուստաալիքների եթերում Սուրբ ծնունդի ու Նոր տարու գլխավոր հերոսներին՝ Դեդ Մորոզին ու Ձյունանուշիկին ցուցադրելը: