ԻՊ ահաբեկչական խմբավորման աստիճանակարգության մեջ  «վերադասներից» մեկը, որը պատասխանատու էր Իրաքում ԻՊ-ի ֆինանսների համար, Ռամադի քաղաքում ձերբակալվել է  տեղի անվտանգության ուժերի կողմից:  Այդ մասին տեղեկացրել է Ռազմական տեղեկատվության իրաքյան կենտրոնը` չբացահայտելով ձերբակալված ահաբեկչի անունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:  

Կենտրոնի հայտարարության համաձայն, նա ձերբակալվել է քաղաքացիների զգոնության շնորհիվ, որոնք ճանաչել են ահաբեկչին եւ նրա գտնվելու մասին տեղեկություններ են փոխանցել զինվորականներին: Հայտարարության մեջ նշվում է, որ ծայրահեղականը «փորձել է թաքնվել բնակչության մեջ եւ քաղաքից դուրս գալ Ռամադին լքող բնակիչների շարասյան մեջ»: Իրաքյան զինվորականների տվյալներով, Ռամադին ԻՊ-ի գրոհայիններից ազատելուց հետո քաղաքի կենտրոնից  արդեն ավելի քան 300 մարդ է տարհանվել, որոնք կառավարական շինությունների համալիրի համար մարտերի ընթացքում մնացել էին մոտակա թաղամասերում:  Անբար նահանգի վարչական կենտրոն Ռամադիի նկատմամբ վերահսկողության հաստատման մասին պաշտոնապես հայտարարվել է երկուշաբթի: Ռամադիի ազատագրումը երկար ժամանակվա ընթացքում իրաքյան կառավարական ուժերի առաջին հաջողությունն էր: Նախորդ կարեւոր հաղթանակն ընթացիկ տարվա մարտին Թիքրիտ քաղաքի ազատումն էր  (Սալահ-էդ-Դին նահանգի կենտրոնի):