Հավաքական ուժերի տեղակայման եւ կառավարման օպտիմալացման շուրջ ընդունված որոշումները թույլ են տվել բարձրացնել ՀԱՊԿ արդյունավետությունը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ՝ 2015թ. ամփոփող հայտարարության մեջ։
Գերատեսչությունից հայտնել են, որ 2015թ. Ռուսաստանը շարունակել է ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ տանել։ «Որոշումներ են կայացվել հավաքական ուժերի տեղակայման եւ կառավարման օպտիմալացման շուրջ, պլանային ռեժիմով համատեղ վարժանքներ են իրականացվել համագործակցության ռազմական եւ խաղաղապահ տարրերի կատարելագործման համար, ինչպես նաեւ հատուկ գործողություններ եւ միջոցառումներ են ձեռնարկվել անօրինական միգրացիայի եւ թմրանյութերի առեւտրի դեմ պայքարի ոլորտներում»,- ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սեպտեմբերին Դուշանբեում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ անդամ երկրները միաձայն կողմ են արտահայտվել ահաբեկչությանը հակազդելու համար կազմակերպության ուժային բաղադրիչի մեծացմանը, ինչը հաստատվել է Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 70-րդ նստաշրջանի շրջանակներում ՀԱՊԿ պետությունների ընդունած հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ կազմակերպության օրակարգում դրված առանցքային խնդիրներից մեկը Աֆղանստանում տիրող իրավիճակի վատթարացումն է եւ առաջին հերթին՝ Տաջիկստանի հետ սահմանի ամրապնդումը։




























