Հայաստանին պետք են լինելու ֆիլոքսերայի նկատմամբ կայուն պատվաստակալներ խաղողի համար: Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է Հայաստանի Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետծառայության ֆիտոսանիտարական տեսչության պետ Արթուր Նիկոյանը:
Եթե 2014 թ. ֆիլոքսերա հայտնաբերվել է Արարատի մարզի 5 գյուղերի շուրջ 11 հա տարածքի վրա, ապա 2015 թ. ծավալուն հետազոտությունն արդեն բացահայտել է Արմավիրի մարզի շուրջ 10 գյուղեր ու 3 գյուղ էլ ՝ Արարատի մարզում: Օջախներ են հայտնաբերվել նաև Արագածոտնի մարզում: Ընդհանուր առմամբ վարակը հայտնաբերվել է 37 հա տարածքում, բայց վարակը կետային էր ՝ անընդմեջ շերտ չէր կազմում:
Հիվանդության նշանները երևում են այնտեղ, որտեղ հողը նորմալ մշակված չէ: Բավականաչափ պարարտացման ու ոռոգման դեպքում հիվանդության նկատմամբ դիմադրողականությունը շատ ավելի բարձր է լինում: «Բայց սա իհարկե հարցի լուծում չէ: Պետք է ֆիլոքսերակայուն պատվաստակալներ ներկրել, իսկ դրանց վրա կարելի է պատվաստել նաև տեղական ՝ Հայաստանի համար ավանդական տեսակներ»,- պարզաբանել է Նիկոյանը:
Նույնիսկ եթե պատվաստակալները ֆիլոքսերակայուն են, խաղողի այգուն պետք է ավելի ուշադիր հետևել, հավելել է նա:
«Ինչպե՞ս է գործում ֆիլոքսերան: Միկրոսկոպիկ միջատները սկսում են կրծել արմատը: Այս ճեղքերի միջից խաղողի մեջ են ներթափանցում հողի մեջի մանրէները ու այն փտում է: Կայուն տեսակների՝ կամ ինչպես մեր դեպքում է՝ կայուն պատվաստակալների մոտ բարձր ռեգեներացիա է, ճաքերն արագ առողջանում են: Բայց եթե ջուրը կամ սննդարար նյութերը քիչ են ՝ ռեգեներացիան ավելի թույլ է, իսկ խաղողի այգին՝ ավելի խոցելի»,- պարզաբանեց Նիկոյանը
Նա նշեց, որ Գյուղնախարարության ծրագրերից է ստեղծել ֆիլոքսերայի նկատմամբ կայուն տեսակների բուծարան և այդ տեսակները գյուղացիներին տրամադրել:



























