Հայաստանի հավաքականը պետք է վերջիվերջո եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճի. դրան պետք է հավատալ, եւ հաջողությունը կժպտա մեզ: Այս մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում նշել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը՝ ամփոփելով 2015 թվականը:

Ինչպիսի՞ն էր 2015 քեզ համար:

Այն ե՛ւ լավն էր, ե՛ւ վատ: Առաջին շրջանում լավ էի խաղում, ունեի խաղային պրակտիկա, հրավիրվում էի ազգային հավաքական, բայց երկրորդ շրջանում ամեն բան հակառակն էր: Չէի հրավիրվում եւ չէի խաղում: Բայց էլի ուրախ եմ, որ «Դինամոյի» կազմում առաջին անգամ նվաճեցի UEFA-ի խմբային փուլի ուղեգիր եւ դարձա Բելառուսի առաջնության բրոնզե մեդալակիր: Հավաքականում էլ վատ էր, որ ոչ մի հաջողության չհասանք:

Տարվա լավագույն ու վատագույն պահերը:

Լավը, որ մայիսին ստացա «Դինամոյի» ամսվա լավագույնն ֆուտբոլիստ մրցանակը: Նման բաները միշտ էլ ուժ են տալիս ավելիին ձգտելու, իսկ վատն այն էր, որ էլ հավաքական սկսեցի չհրավիրվել:

Վերջերս հեռացար «Դինամոյից», որտե՞ղ ես շարունակելու կարիերադ:

Դեռ պարզ չէ, բայց կան մարդիկ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ եւ մոտակա մեկ ամսում ամեն ինչ պարզ կլինի:

Ինչո՞ւ չմնացիր «Դինամոյում», ասում են՝ մարզչի հետ խնդիրներ կային:

Կասեմ միայն, որ դա մարզչի որոշումն էր եւ ես նույնպես կարծում էի, որ չարժե մնալ այնտեղ:

Ի՞նչ ես կարծում հավաքականի մարզչի փոխվելուց հետո քեզ կրկին կսկսեն հրավիրել հավաքակա՞ն:

Ես միշտ էլ հարգել եմ հավաքականի ցանկացած մարզչի: Նրանք են որոշում՝ ում կանչեն: Ես միշտ էլ պատրաստ եմ բոլոր ուժերս նվիրել հավաքականին:

Ի՞նչ սպասելիքներ ու բարեմաղթանքներ ունես:

Սպասելիքներս միշտ էլ մեծ են: Ուզում եմ բոլորիս համար առողջություն եւ հաջողություն լինի: Աստվածն առաջ: Մեր հավաքականը պետք է վերջիվերջո եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճի: Դրան պետք է հավատալ, եւ հաջողությունը կժպտա մեզ: Շնորհավորում եմ մեր ազգի Նոր տարին ու Սուրբ ծնունդը, իսկ սպորտում էլ թող միշտ հաղթի ուժեղագույնը:

Վերա ՄարտիրոսյանVera&Football