Հունաստանի կառավարությունը կիրականացնի վարկատուների հետ հուշագիրը, սակայն չի համաձայնի անհիմն պահանջների: Այդ մասին հայտնել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք հավատարիմ կմնանք համաձայնագրի տառին, սակայն անարդարություն չենք ընդունի», —  Real թերթի կիրակնօրյա թողարկմանը տված հարցազրույցում հայտնել է Ցիպրասը: Հարցազրույցը վերնագրված է «Մենք չենք ենթարկվի անհիմն պահանջների»:

Ցիպրասը հայտնել է, որ ճգնաժամի մի քանի տարուց հետո 2016-ը շրջադարձային կդառնա` համոզմունք հայտնելով, որ երկրի համար նոր էջ է բացվում եւ այժմ իրենք  ավելի մոտ են Հունաստանը վերահսկիչների օղակից ազատելու նպատակին: 

2016-ին Հունաստանը հաղթահարում է ճգնաժամը եւ վերածնվում է եւ նրան հաջողվում է ազատվել վարկատուների եւ խոշոր ինստիտուցիոնալ մարմինների հովանավորությունից, ինչը մինչ այժմ ոչ մեկին չէր հաջողվել, ասել է նա:   Կառավարական լայն կոալիցիայի ստեղծման վերաբերյալ հարցին Ցիպրասը պատասխանել է,  որ դա  «ամառային գիշերվա երազ է»` վստահեցնելով, որ խորհրդարանական մեծամասնությունը բավականաչափ ամուր է եւ կառավարությունը կպահպանի իշխանությունը սահմանված չորս տարվա ընթացքում: Նրա խոսքով, այդ սցենարներն առաջ են քաշվում սնանկացած քաղաքական համակարգի կողմից: 

Օգնության երրորդ փաթեթի դիմաց վարկատուների հետ կնքված համաձայնագրին համապատասխան` Հունաստանը պարտավորվել է հասարակության համար ցավալի բարեփոխումների խոշոր ծրագիր իրականացնել: Միջոցների թվում են թոշակի տարիքի բարձրացումը, սոցապահովագրության մուծումների ավելացումը, թոշակների կրճառումը, հարկերի ավելացումը: