Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 2016-ը հայտարարել է Վազքի տարի: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում: Ցուկերբերգը նաեւ հայտնել է, որ 2016-ին վազելու է 365 մղոն (587,4 կմ):

Ցուկերբերգը բոլոր ցանկացողներին առաջարկել է իրենց առաջ նման նպատակ դնել եւ  Facebook-ում արդեն խումբ է ստեղծել, որտեղ խոստացել է հաշվետվություն ներկայացնել իր վազքի մասին: Գրությունը թողնելու պահին  արդեն ավելի քան  80 հազար մարդ էր անդամագրվել խմբին: 

«Դա մեծ տարածություն է, բայց ոչ խելագար: Դա օրական մեկ մղոն է, որի համար չափավոր տեմպով տասը րոպեից ավելի պետք չի լինի» , - գրել է Ցուկերբերգը:

Facebook-ի ղեկավարը նաեւ տեղադրել է մի քանի ամիս առաջ ընկերության աշխատակիցներ Քրիս Դենիելսի եւ Իմե Արչիբոնգի հետ Դելիում կատարած վազքի լուսանկարը: 

Անցած հունվարին Ցուկերբերգը 2015-ն անվանել էր Գրքի տարի եւ խոստացել էր     2015-ին ամեն երկու շաբաթը մեկ մի նոր գիրք կարդալ: