Հայ անվանի բանաստեղծ, արձակագիր Գուրգեն Մահարու 92-ամյա կնոջ` Անտոնինա Մահարու առողջական վիճակը վերջին օրերին վատթարացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց տիկնոջ հարեւանուհին` հավելելով, որ Մահարու այրին խնամակալներ չունի, իրենք են այժմ խնամում նրան:

Երկար թակեցինք հնամաշ դուռը, սակայն բնակարանի միակ բնակիչը` բանաստեղծի այրի Անտոնինա Մահարին չարձագանքեց:

Հարեւանուհին` տիկին Անահիտը, տեղեկացրեց, որ Գուրգեն Մահարու այրին վատառողջ է, նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Ամանորից հետո, խուսափում է հյուրեր ընդունելուց, չի ցանկանում իրեն այդ վիճակում տեսնեն:

«Անկողնային պառկած է, կտեղեկացնեմ, որ ցանկանում եք զրուցել իր հետ, բայց վստահ եմ, որ չի կարող խոսել, ոչ մեկին չի ընդունում, չի կարողանում, այս քանի օրն ավելի է վիճակը վատացել»,-ասաց տիկին Անահիտը:

Նշենք, որ Անտոնինա Մահարին ծնվել է 1923թ. դեկտեմբերի 29-ին, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում: Սովորել է Վիլնյուսի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Եղել է Անկախ Լիտվայի համար պայքարող ընդհատակյա կազմակերպության անդամ, որի պատճառով անցել է ստալինյան բռնատիրության ճանապարհով` բանտ, աքսոր: Սիբիրում հանդիպել է Գուրգեն Մահարուն եւ ամուսնացել: Ամուսնու ցանկությամբ գրել է նրա սիբիրյան ոդիսականի առաջին էջերը:

1972թ-ից պատրաստ է եղել նրա «Իմ ոդիսականը» ստեղծագործությունը, սակայն լույս է տեսել միայն 2003թ.: Գրքից հատվածներ պարբերաբար տպագրվել են «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում: 1997թ-ից եղել է Հայաստանի Գրողների միության անդամ: 2004թ. հեղինակել է նաև «Ժողովրդի ծառան» գիրքը: