Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը այսօր՝ հունվարի 14-ին հետաձգվեց ամբաստանյալներից Վարազդատ Սաֆարյանի բացակայության պատճառով։
Ռազմական ոստիկանությունը կրկին չէր կարողացել ապահովել ծառայության մեջ գտնվող Վարազդատ Սաֆարյանի ներկայությունը դատարանում։
Այսօր դատավորը գործում ներգրավեց եւս մեկ դատախազի՝ Կարեն Հարությունյանի:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 4-ին, ժամը 13:00-ին:
Նշենք, որ մինչեւ հիմա այս գործով նշանակված դատական 6 նիստերից միայն մեկն է կայացել։ Նիստերը հետաձգվում են ամբաստանյալների չներկայանալու պատճառով։ Տուժողի իրավահաջորդները այստեղ գործը ձգձգելու միտում են տեսնում։
Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական ինստիտուտի կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:
4 կուսանտների դատաքննության հետ քննվում է նաեւ Վարազդատ Սաֆարյանի գործը: Ըստ մեղադրանքի՝ նա 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմանում նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց ու նրա կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ ծեծի է ենթարկել Մանասերյանին: Բացի այդ՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:



























