Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը կնախընտրեր, որ մեղադրյալ Գնել Թեւոսյանի հայրը՝ այն ժամանակ ինստիտուտի հրամանատարի տեղակալ Զարմիկ Մարկոսյանը, մեղադրվեր ոչ միայն պաշտոնական դիրքը չարաշահելու, այլեւ որդու կատարած սպանությունը կոծկելուն աջակցելու համար:

«Ինձ պատմել են, որ ինքը սպանության գիշերը եկել է ինստիտուտի տարածք: Գնելը շատ թուլամորթ է, ամեն ինչում պապայի մոտ է վազել: Զանգահարել է տուն, հայրն էլ եկել է, տեսել է՝ Հայկազը կախված է, ասել է՝ ոնց կա, թող տենց մնա: Բայց քանի որ օրենքով նա կարող է ցուցմունք չտալ հարազատի նկատմամբ, չենք էլ իմանա ճշմարտությունը»,- ասաց Արկադի Բարսեղյանը:

Այնուամենայնիվ, Արկադի Բարսեղյանը գոհ կլինի, եթե գոնե այս մեղադրանքով Զարմիկ Մարկոսյանը արդարացի պատիժ ստանա:

Հիշեցնենք, որ Զարմիկ Մարկոսյանի դեմ մեղադրանք է առաջադրվել ՔՕ 375-րդ հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ գնդապետ Զարմիկ Մարկոսյանը որդու՝ նույն զորամասի կուրսանտ Գնել Թեւոսյանի՝ ինստիտուտում սովորելու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու նպատակով, պատասխանատու լինելով անձնակազմի զինվորական կարգապահության համար, զբաղվել է որդու հովանավորչությամբ: Մարկոսյանը չարաշահել է պաշտոնեական դիրքը. 2014թ. օգոստոս ամսից մինչեւ 2015 թ. հունվարի 28-ը ներառյալ հանձնարարել է ենթակա սպաներին, պարբերաբար, առանց համապատասխան փաստաթղթային ձեւակերպման, Գ. Թեւոսյանին մի քանի ժամ տեւողությամբ ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց եւ թույլատրել բացակայել զորամասի տարածքից:

Զարմիկ Մարկոսյանին սպառնում է 2-ից 5 տարվա ազատազրկում: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Հայկազ Բարսեղյանի սպանության գործը դատաքննության փուլում է: Մեղադրյալները չեն ընդունում իրենց մեղավորությունը: