Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը սխալ է համարում այն, որ Վարազդատ Սաֆարյանը մեղադրվում է միայն կուրսանտների ծեծելու մեջ ու կալանավորված չէ:

«Ինքը սպանությանը աջակցել է փաստորեն: Աթանդա է կանգնել ներքեւում, որ հանկարծ մեկը գա, ազդանշան տա մյուսներին: Ինքը սպանությանը ինչ-որ ձեւ մասնակցել է այսինքն, բացի այդ էլ՝ կուսանտների ծեծերի է մասնակցել, բայց մինչեւ հիմա ձերբակալված չէ: Ես իմ խոսքը ուղղում եմ համապատասխան մարմիններին, թող կալանավորեն իրեն»,- ասաց Արկադի Բարսեղյանը:

Նշենք, որ սպանության դեպքից հետո կուրսանտ Վարազդատ Սաֆարյանը դուրս էր եկել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից եւ զորակոչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

Ըստ մեղադրանքի՝ նա  2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմանում նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց ու նրա կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ ծեծի է ենթարկել Մանասերյանին: Բացի այդ՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքը, նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել։