Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը տեղեկություն ունի, որ որդու սպանությունից հետո եւս երկու կուրսանտ հոգեկան խնդիրներ են ձեռք բերել:

«Հայկազի սենյակից երկու կուրսանտ սպանությունից հետո ռազմական ավիացիոն ինստիտուտ են տեղափոխվել, հոգեկան խնդիրներ ունեն, պարբերաբար գնում են ստուգման, գալիս են: Իրենք էլ հենց ասում են, որ այդ դեպքից է իրենց հոգեկանը խանգարվել»,- լրագրողների հետ զրույցում այսօր՝ հունվարի 14-ին ասաց Արկադի Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ բացի այս ավելի վաղ Արկադի Բարսեղյանն ասել էր, որ սպանությունից հետո Հայկազի 2 համակուրսեցիների մոտ հոգեկան շեղումներ էին սկսվել, նրանք տեղափոխվել էին հոգեբուժարան:

Հիշեցնենք, որ գործով դատաքննությունը սկսել է: 6 նիստերից մինչեւ այժմ միայն մեկն է կայացել: Մյուսները՝ այդ թվում այսօրվանը, չեն կայացել մեղադրյալների բացակայության պատճառով:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքը, նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել։