Անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու մեջ մեղադրվող՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 2 կուրսանտները տեսել են, թե ինչպես են կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվողները նրան գիշերվա ժամը 2-ին դուրս բերում ինստիտուտի մասնաշենքից, որտեղ նրանց հանգստի սենյակներն են:  Այս մասին NEWS.am-ին ասաց սպանված Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:

«Մարտկոցի հերթապահն ու օրապահը ներքեւում են եղել, հարցրել են՝ ինչ ա եղել, ուր եք տանում, պատասխանել են՝ տանում ենք բուժկետ, իրան լավ չի զգում: Հերթապահը մոտեցել է կուրսանտներին, հրել են»,- պատմեց Արկադի Բարսեղյանը՝ նշելով, որ 4 տղաները ինստիտուտում վախի մթնոլորտ են ստեղծած եղել եւ հասկանալի է, որ հերթապահները վախեցել են, այլեւս ոչինչ չեն արել:

Արկադի Բարսեղյանը պատմեց, որ դրանից հետո՝ ժամը 3 անց կես, հերթապահը մտել, ստուգում է  անցկացրել սենյակներում, չի նկատել Հայկազի բացակայությունը, քանի որ նրա անկողնու մեջ շորեր են դրած եղել՝ վրան ծածկոց գցած՝ տպավորություն ստեղծելով, թե մարդ է պառկած այնտեղ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ կուրսանտներ Թելման Մխիթարյանը՝ որպես մարտկոցի հերթապահ, իսկ Խաչիկ Մինասյանը՝ օրապահ, 2015թ. հունվարի 28-ից 29-ը դրսեւորել են անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք, ինչն էլ առաջացրել է ծանր հետեւանք, այն է՝ նույն մարտկոցի կուրսանտներ Գ. Թեւոսյանի, Ն. Սահակյանի, Վ. Սահակյանի, Մ. Ազարյանի եւ Հ.Բարսեղյանի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, եւ Հ. Բարսեղյանը սպանվել է:

Թելման Մխիթարյանին եւ Խաչիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասով: Երկուսն էլ հանձնվել են հրամանատարության հսկողության:

Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննությունը սկսվել է: Սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: