2008 թվականի տնտեսական գլոբալ ճգնաժամից հետո օտարերկրյա փորձագետները «զարմանալի» երեւույթ բացահայտեցին: Մինչ միջին դասակարգը (զարգացած երկրներում ամենահզոր դասակարգը) կորցնում էր իր դիրքերը, այնտեղ հարուստներն ավելի էին հարստանում: Թվում է, թե դրանում արտասովոր ոչինչ չկա. ինչ-որ մեկն աղքատանում է, մյուսը` հարստանում: Իսկ մեր երկրում «ամենահզոր դասակարգը» աղքատներն են, գումարած պաշտոնապես «ոչ աղքատների» շերտը, որոնք հավասարակշռություն են պահպանում քաղաքացիների այդ երկու կարգերի արանքում:
Երկար տարիներ անընդմեջ մեզ մոտ առույգ զեկուցում էին աղքատության հետեւողական հաղթահարման մասին: Ճիշտ է, շատերը սեփական օրինակով կասկածում էին դրան: Եվ հավանաբար իրավացի էին: Անցյալ տարվա մի շարք տնտեսական ցուցանիշներ արդեն վկայում են երկրում աղքատության ծավալների ընդլայնման մասին: Դրա հիմնական պատճառներից մեկը Ռուսաստանից մասնավոր տրասնֆերների զգալի կրճատումն է:
Երկրի զգալի մասի դրամական եկամտի կրճատումը բացասաբար է ազդել մանրածախ ապրանքաշրջանառության վրա ինչպես համադրելի, այնպես էլ ընթացիկ գնով:
Այդ գործոնն ազդել է այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են հասարակական տրանսպորտը եւ հեռահաղորդակցությունը:
Զգալիորեն նվազել է սննդամթերքի ներկրումը:
Արդյունքում զգալի վնաս են կրել նաեւ պետբյուջեի հարկային եկամուտները: Տնտեսության տարբեր ոլորտներում ապրանքաշրջանառության նվազման գործում իր դերն է խաղում նաեւ բնակչության միգրացիան: Բայց ամենակարեւոր գործոնը դարձավ հենց տրանսֆերների կրճատումը:




























