Պաշտոնական վիճակագրության համաձայն, անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանում գնանկումը տարեկան կտրվածքով կազմել է 0.1%: Ընդ որում, պարենամթերքը միջինն էժանացել է 4.1%-ով: Այս տեղեկությունը բավական տարօրինակ է հնչում դեկտեմբերի համար, երբ առեւտրականները գները չափազանց բարձրացնում են: Սակայն «մեղավորը» հետազոտության գրաֆիկն է. գների բարձրացման համար առավելապես տենդային ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 21-31-ը, դուրս է մնում դիտարկումից:

Նշենք, որ անցյալ տարի, զգալի պաշարների արդյունքում, պարենամթերքի համաշխարհային գները նվազել են՝ գլոբալ շուկայում ցածր պահանջարկի ֆոնին: Համաշխարհային գների վրա ազդել է նաեւ ամերիկյան դոլարի դիրքերի ամրապնդումը:

Դատելով պաշտոնական տեղեկատվությունից՝ անցյալ տարի հայրենական բուսաբուծությունը հսկայական հաջողություններ է գրանցել: Հունվար-նոյեմբերի տվյալներով՝ գյուղատնտեսության այս ոլորտի համախառն արտադրանքի ֆիզիկական ծավալը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 15.3% (!): Մեր շատ քաղաքացիներ, իհարկե, կասկածներ ունեն այս ձեռքբերումների հարցում՝ ելնելով անցյալ տարվա փորձից: Սակայն գլխավորն այն է, որ գյուղատնտեսական արտադրությունում անկում չի եղել:

Հայտնի է, որ անցյալ տարի Հայաստանի բնակչության պահանջարկի ծավալը, ընդհանուր առմամբ, կրճատվել է՝ Ռուսաստանից դրամական փոխանցումների հոսքի զգալի նվազման պատճառով: Դրա վրա ազդեցություն է ունեցել նաեւ վերջին տարիներին ակտիվացած բնակչության արտագաղթը:

Պահանջարկի կրճատումը հանգեցրել է հանրապետության մանրածախ առեւտրաշրջանառության ծավալների կրճատմանը. առեւտրային կազմակերպությունների (հատկապես խանութների) ընթացիկ եկամուտներն անցյալ տարի կտրուկ կրճատվել են: Բնաչության ընդհանուր պահանջարկում բացասական տեղաշարժն է մատնանշում նաեւ սպառողական ապրանքների ներկրման դինամիկան: Հունվար-նոյեմբերին բուսական ծագման արտադրանքի ներկրման ծավալները տարեկան կտրվածքով կրճատվել են 21.1%-ով, յուղերի ներկրման ծավալները՝ 22.9%-ով, պատրաստ սննդամթերքի ներկրումը՝ 12.0%-ով: