Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանին բռնության գործադրմամբ հարվածներ հասցնելու մեջ մեղադրվող կուրսանտ Կարեն Բաղրամյանն ընդունում է իր մեղավորությունը: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպանը՝ Ռուզաննա Սիրեկանյանը:

Պաշտպանը նշեց, որ Կարեն Բաղրամյանը, միաժամանակ պնդում է, որ կապ չի ունեցել սպանության մեջ մեղադրվող 4 կուրսանտների հետ, իրենց միջեւ եղած վիճաբանությունը կապ չունի Հայկազի սպանության հետ:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ սպանությանը նախորդել է վիճաբանություն նրա ու Կարեն Բաղրամյանի միջեւ, ինչից հետո սպանության մեջ մեղադրվող կուրսանտները Հայկազին կանչել, տարել ու ծեծել են:  Նրա խոսքով՝ եղել է միայն վիճաբանություն, նա  մեկ անգամ հարվածել է Հայկազին, Հայկազն էլ՝ իրեն:

Նշենք, որ գործով առաջին դատական նիստը պետք է կայանար այսօր՝ հունվարի 18-ին, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով այն չի կայանա:

Կարեն Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՊՆ 24236 զորամասի 1-ին կուրսանտական գումարտակի 1 մակտկոցի կուրսանտ, կոչումով շարքային 2015թ. հունվարի 28-ին ժամը 07:40-ի սահմանում թիվ 408 ննջարանում այն մաքրելու հարցի շուրջ վիճաբանել է համածառայող Հայկազ Բարսեղյանի հետ, որի ընթացքում խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ և 65-րդ հոդ. կանոնագրքային կանոնները, բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին:

Բացի այդ՝ 2015թ.հունվարի 28-ին ժամը 13:00-ի սահմաններում իր հանգիստը խանգարելու հարցի շուրջ, բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել Հ.Բարսեղյանի մարմնի տարբեր մասերին:

Նշենք, որ սպանության գործով դատաքննությունը սկսել է:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքը, նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: