Հայաստանի ազգային հավաքականի եւ Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը հունվարի 19-ին դարձավ 29 տարեկան: Չեմպիոնների լիգայի մրցաշարում մասնակցած առաջին հայ ֆուտբոլիստը NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմեց, թե որն է համարում կյանքի մեծագույն ձեռքբերումը և ինչի համար է ամենից շատ զղջում:

Էդգար, շնորհավոր  ծննդյանդ 29 ամյակը: Մինչ այս պահը, ո՞րն ես համարում կայնքիդ մեծագույն ձեռքբերումը:
Կարծում եմ, որ իմ ամենամեծ ձեռքբերումը դա երբեք չհանձնվելու ունակությունն է: Կյանքիս ընթացքում շատ մեծ դժվարությունների միջով եմ անցել, բայց միշտ ձգտել եմ կատարելագործվել:

Ո՞րն ես համարում կյանքիդ ամենից երջանիկ պահը:
Շատ են եղել, բայց ամենից երջանիկը երբ առաջին անգամ խաղացի Չեմպիոնների լիգայում:

Եթե ժամանակը հետ տալու հնարավորություն լիներ, ի՞նչը կփոխեիր կյանքումդ:
Շատ շատ բաներ կփոխեի: Առաջին հերթին՝ կիսատ գործը վաղվա չէի թողնի եւ շատ ավելի քիչ մարդկանց կվստահեի՝ հատկապես ֆուտբոլում:

Ինչպե՞ս ես այսօր նշելու ծննդյանդ օրը:
Ինչպես միշտ չեմ նշելու, քանի որ թիմիս հետ գտնվում եմ ձմեռային հավաքին:

Ի՞նչ սպասելիքներ ունես այս նոր սկսված տարուց:
Մեծ սպասելիքներ ունեմ թե ֆուտբոլում եւ թե անձնական կյանքում:

Որքանո՞վ կարող է ազդել Հայաստանի ազգային հավաքականի մարզչի փոփոխությունը քո կարիերայի վրա հավաքականում:
Կարծում եմ՝ չի կարող ազդել: Ես միշտ պատրաստ եմ եղել խաղալ հավաքկանում եւ պատրաստ կլինեմ, իսկ հրավիրել թե ոչ, կորոշի մարզիչը:

Վերա Մարտիրոսյան/ Vera&Football