Մեծ Բրիտանիայի, Քենիայի, Իսպանիայի, Ավստրալիայի ու Հնդկաստանի հնագետները հայտնաբերել են նախնադարյան մարդկանց՝ գիտությանը հայտնի ամենաառաջին կոտորածի հետքերը, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:
Գիտնականները հետազոտել են Քենիայում Թուրկան լճից արեւմուտք գտնվող տարածքում 2012 թ. հայտնաբերված 27 հնադարյան որսորդ- հավաքողների աճյունները: Ինչպես հնագետներն են ենթադրում՝ նրանք զոհվել էին 10 հազար տարի առաջ՝ ջրի պաշարների համար պայքարի ժամանակ:
Բռնի մահվան ապացույցներից են առնվազն ութ կանանց ու վեց երեխաների աճյունները՝ քարե դանակներով կամ էլ նետերով ջարդված գանգերով, նաեւ առնվազն չորս մարդու աճյունները, որոնց ձեռքերը կապված էին:
Կմախքների մեծ մասը գանգի՝ այդ թվում դիմային ոսկորների լուրջ վնասվածքներ ունեին, կոտրված ձեռքեր, ծնկեր ու կոնքեր, նաեւ վզերի վրա նետերի ծայրերի հետքեր (երկու տղամարդու մոտ): Գիտնականները նաեւ գտել են կապկպված հղի կնոջ կմախք՝ կոտրված ծնկերով:
Քարացած աճյունները պահպանվել էին ճահճուտում ու հայտնաբերվել Քեմբրիջի համալսարանի մի խումբ գիտնականների կողմից: Սպանված որսորդները թաղված չէին, հակառակորդները կոտորել էին նրանց ու թողել նույն վայրում:
Կոտորածի ժամանակը գիտնականները պարզել են ռադիոածխաջրածնային անալիզի օգնությամբ: Հնագետները կարծում են, որ իրենց հայտնաբերած հետքերը վկայում են այն մասին, որ որսորդ- հավաքողների միջեւ ծագած կոնֆլիկտային իրավիճակները նման ձեւով լուծելու պրակտիկան հին ժամանակներում տարածված է եղել:



























