ԲՀԿ-ն ե՛ւ Սահմանադրության փոփոխությանն է կողմ եղել, ե՛ւ կառավարության բյուջեին՝ այդպիսով քարտ բլանշ տալով կառավարությանը, եւ եթե կոալիցիայի շրջանակում հնարավոր է ծրագրերի մի մասն իրագործել, ինչո՞ւ դրան դեմ լինել։ NEWS.am-ի հետ զրույցում իշխանության հետ կոալիցիա կազմելու նպատակահարմարությունն այսպես մեկնաբանեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Եթե գնում ես կոալիցիա, ու ծրագրեր ունես, պետք է որոշումներ կայացնելու համար պայմաններ ունենաս։ Պետք է որոշակի ընդհանրական ծրագրեր լինեն, մեր հիմնական կետերը պետք է համընկնեն իշխանության ծրագրերի հետ, բայց հիմա հրավեր չկա: Հարցը չի քննարկվել, տեսական դատողություններ են այս ամենը»,-ասաց պատգամավորը։

Հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ ԲՀԿ-ին կոալիցիա կազմելու հրավեր չի արվել, մինչդեռ ՀՅԴ-ի հետ արդեն բանակցություններ են ընթանում, Մելքումյանը պատասխանեց․«Բայց ինչի՞ պիտի լինի, դա պարտադիր պայմա՞ն է։ Մենք պայմանավորվածություն չենք ունեցել, որ հրավեր պիտի լինի, այսինքն՝ դա բնական գործընթաց է։ Սահմանադրական փոփոխությունների հարցում իշխանության հետ համագործակցությունը կարող ենք համարել անհրաժեշտ պայման, բայց ոչ բավարար։ Այսինքն, էնպես չի, որ Սահմանադրությանը «այո» ասելով՝ մտնենք կոալիցիա»։

Մելքումյանը նշեց, որ չեն խանդում, որ ՀՅԴ-ին առաջարկ արել են, իսկ իրենց՝ ոչ։  «Ինչի՞ պետք է մենք խանդենք։ Ողջունում եմ, դրական եմ գնահատում ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի քայլը։ Կլինի կոնկրետ առաջարկ, ձեւաչափ մենք էլ կքննարկենք։ Հիմա անդրադառնալը դեռ շուտ է»։

Հիշեցմանը, որ նախկինում ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս եկավ՝ հիմնավորելով, թե որոշումներ կայացնելու իրական հնարավորությունից զրկված են, հիմա ի՞նչ երաշխիք ունեն, որ նույն պատկերը չի լինի, Մելքումյանն արձագանքեց․«Բայց կարող է գնում ենք քննարկում, ու իշխանությունը գալիս է այն եզրակացության, որ, այո, վիճակն էնպիսին է, որ պիտի համախմբվենք երկիրը այս վիճակից հանելու ծրագրի շուրջ։ Դաշնակցությունը ուներ կոնկրետ 7 կետ, մենք էլ ունենք մեր կետերը, մեր տեսլականները, որ կարող է շատ բան համընկնեն, շատ բան՝ ոչ։ Ես ասում եմ հենց հիմա ամենակարեւոր բանը հակակոռուպցիոն քաղաքականությունը կոնկրետ ֆիքսելն է։ Տնտեսական քաղաքականության մեջ պետք է գնանք պահանջարկի տոտալ խթանման քաղաքականությանը, ծախսերը օպտիմալացվեն, Հայաստանում պետք է միջին խավ ձեւավորենք»։

Հարցին, թե ինչու Դաշնակցության նման չեն հստակեցնում ու հրապարակում իրենց կետերը, մի գուցե դրանից հետո Սերժ Սարգսյանը հրավիրի բանակցելու, Մելքումյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր ուժ իր աշխատանքային ոճն ունի, իրենք, օրինակ, Սահմանադրությանն ու բյուջեին են կողմ եղել։ «Մենք համ Սահմանադրությանը, համ բյուջեին ենք կողմ եղել, սա նշանակում է՝ մենք կառավարությանը քարտ բլանշ ենք տվել, որ երկիրը ծանր վիճակում է եւ պետք է քաղաքական աջակցություն ցուցաբերել: Սա եղել է քաղաքական քայլ, ոչ թե որ հիացած ենք բյուջեով։ Հիմնական շեշտադրումները ընդունելի են մեզ համար, երբ կլինի կոնկրետ առաջարկ, ես դե՞մ լինեմ, որ իմ ծրագրերը պայման կա որ իրագործվեն, իհարկե, ոչ»,-ասաց ԲՀԿ-ականը՝ ընդգծելով, որ իրենք, այնուամենայնիվ, պայմաններով չեն խոսում իշխանության հետ։