Առաջին ցեղասպանությունը 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների եւ հույների զանգվածային ոչնչացումն էր: Այս մասին ասել է Պետդումայի պատգամավոր, «Սպրավեդլիվայա Ռոսիյա» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը՝ haqqin.az-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, ցեղասպանությունն իրականացվել է զանգվածային ֆիզիկական ոչնչացման ու արտաքսման ճանապարհով, ինչը նույնպես անխուսափելի մահվան էր հանգեցնում: «Ստիպված ենք արձանագրել, որ հենց երիտթուրքերի կառավարությունն է առաջինը կիրառել մի ամբողջ ժողովրդի արագ ու զանգվածաբար ոչնչացնելու մեթոդը, որը հետագայում փոխառել են Գերմանիայի նացիստական հանցագործները»,- նկատել է Սերգեյ Միրոնովը:

Պատգամավորը հիշեցրել է, որ ռազմական հանցագործությունները՝ այդ թվում ցեղասպանության փաստերը վաղեմության ժամկետ չունեն: «Այսօր եկել է ժամանակը մտածել ու համադրել անցյալի ու ներկայի ողբերգական իրադարձությունները, հիմքեր գտել միջազգային իրավական նորմերի կատարելագործման, ռուսական օրենսդրության ամրապնդման համար: Այսօր, երբ աշխարհքաղաքական լարվածությունն աճում է, բռնությունների ու ցեղասպանությունների թեման՝ որպես ֆաշիզմի ծայրահեղ դրսեւորում, հատուկ արդիականություն է ձեռք բերել: Մենք պետք է դիմակայենք ցեղասպանության փաստերը ժողովուրդների պատմական հիշողությունից ջնջելու բոլոր փորձերին ու կանխենք նմանատիպ պատմական ողբերգությունների կրկնությունը»:

Անդրադառնալով ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենսդրական նախաձեռնությանը, որի համահեղինակներից է՝ Սերգեյ Միրոնովը հիշեցրեց, որ դրան նախորդել էին հետեւյալ իրադարձությունները: Դեռ 2015 թ. նախօրեին«Սպրավեդլիվայա Ռոսիյա» կուսակցությունը ցեղասպանության խնդրին նվիրված միջազգային մեծ համաժողով էր կազմակերպել: Անցած տարվա ապրիլին ՌԴ խորհրդարանի ստորին պալատը ընդունել էր հայտարարություն, որով իր խորը կարեկցանքն էր արտահայտում եղբայրական Հայաստանին ու միաժամանակ համաշխարհային հանրությանը կոչ անում միջազգային վեճերը լուծել բանակցությունների, այլ ոչ թե պատերազմի միջոցով: Ապրիլին Պետդումայի պատվիրակությունը մասնակցել էր Երեւանում ու Մոսկվայում սգո միջոցառումներին: Անպես որ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրինագիծը 2015 թ. իրադարձությունների շղթայի հերթական օղակն էր: «Այդ օրենքով որեւէ մեկի «ոտքը տրորելու» որեւէ ցանկություն չկար: Դա նախեւառաջ եւս մեկ հիշեցում էր պատմական արդարությունը վերականգնելու անհրաժեշտության մասին»,- նկատել է պատգամավորը:

Նրա խոսքով, Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը ազդել է տվյալ օրենսդրական նախաձեռնության վրա: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման այսօրվա գործունեությունն ունի ցեղասպանության մի շարք նշաններ՝ կատարվում են այլադավանների զանգվածային սպանություններ, քանդվում են քրիստոնեական սրբավայրերը, տեղեկատվական ռեսուրսների միջոցով իրականացվում է ահաբեկչության լայնածավալ քարոզչություն, որն ուղղված է արմանատականների հետ բոլոր անհամաձայնների հոգեբանական ճնշմանը: Ի դեպ, պետք է ասեմ, որ այս իրավիճակում Թուրքիան, որը հիշատակված էր ձեր հարցում, ամբողջ աշխարհին ցույց է տվել իր ճշմարիտ դեմքը՝ որպես ահաբեկչությունը հովանավորող ու անկանխատեսելի գործընկեր: Ռուսական «Սու 24-ին» դավադիր հարվածով Թուրքիան ինքն իրեն վերջնականապես դասեց 21-րդ դարի բարբարոսների շարքին»:

Նրա խոսքով, եթե մենք պատշաճ ուշադրությամբ չվերաբերվենք անցյալի փաստերին, չպաշտպանենք պատմական ճշմարտությունը, մենք դատապարտված ենք արյունահեղ իրադարձությունների կրկնությանը: «Ուզում եմ նաեւ նշել, որ մեր առաջարկներն արվել են՝ ժամանակին Ֆրանսիայի արած առաջարկների նմանությամբ, դրանց իրականացումը թույլ կտա պատժել նրանց, ով ժխտում է ցեղասպանության փաստը: Կարծում եմ, դա կսթափեցնի անմեղ մարդկանց զանգվածային սպանությունները մոռանալ ու անցյալի գազանային հնարքները ներկա ժամանակ փոխադրել ցանկացողներին: Դրա համար էլ, հայերի, հույների ու ասորիների ցեղասպանության փաստերի ժխտման համար պատասխանատվության օրենսդրական ամրագրումը թույլ կտա հուսալի խոչընդոտ ստեղծել նրանց արատավոր ու ցինիկ գաղափարներին, ովքեր այսօր փորձում են վերանայել պատմությունը՝ հրաժարվելով սերունդների հիշողությունից ու մարդու կյանքը գերագույն արժեք ճանաչելուց: Իմ խորին համոզմամբ՝ այս օրենքի ընդունումը բացարձակապես չի սրի Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների ու հայերի հարաբերությունները, իսկ ահա մարդատյացության տեսություններ ու գործողություններ քարոզողների համար այն կարող է լրացուցիչ խոչընդոտ դառնալ:

Առավել եւս որ այս հարցի շուրջ ռուսաստանյան հասարակության ներսում բեւեռային տեսակետներ չկան, դրա համար էլ այս օրինագծի ընդունումը, իմ կարծիքով, ընդամենը ժամանակի հարց է: 1915-1922 թթ. ողբերգության մասին հիշողությունը պետք է պաշտպանվի օրենքով՝ Նյուրնբերգյան տրիբունալի դատավճիռների օրենսդրական պաշտպանության նման»,- ամփոփել է Սերգեյ Միրոնովը: