Վանաձորցի Սաթենիկը երկու անչափահաս երեխաների հետ բնակվում է քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում` երկրաշարժից հետո տեղադրված ու արդեն խարխլված վագոն-տնակում: Երեք տարի առաջ, երբ շինարարությունում աշխատող ամուսինն ընկավ կիսակառույցից ու մահացավ, տնակը միակ բանն է, որ նրան բաժին է հասել սկեսրոջ ընտանիքից:
Սաթենիկն ասում է` ամուսնու ընտանիքն իրեն միշտ վա է վերաբերվել, սակայն ամուսնու մահից հետո, երբ երիտասարդ կինը հայտնվել է միայնակ ու անօգնական վիճակում, իր հանդեպ վերաբերմունքն ավելի է վատացել։ Սաթենիկի տնակը տեղադրված է սկեսրոջ քարե տան բակում, եւ նա ստիպված է լինում հանդուրժել ամենօրյա վեճերը նրա հետ։
«Խնդիրներ եղել են դեռ ամուսնության ժամանակ, ամուսինս թասիբով էր, ձայն չէր հանում, իսկ հիմա իմ մեջքին ոչ ոք չկա, ու հասել ա ոսկորիս: Ինքը քարե մեծ տանն է ապրում, ես իրենից ոչինչ չեմ ուզում, միայն չանհանգստացնի, թողնի երեխաներիս հետ տան բակում տեղադրված էս փոքրիկ տնակում ապրեմ»,- արտասվելով ասում է Սաթենիկը:
Երիտասարդ կինը ստիպված է դիմել ամենուր` հույսով, որ կկարողանա աշխատանք գտնել, բնակարան վարձել ու վերջապես տեղափոխվել այդ տնակից: Ժամանակ առ ժամանակ նա դիմում է Լոռու մարզպետարան, որտեղից տրվող ֆինանսական աջակցությամբ փորձում է փոքր-ինչ թեթեւացնել կենցաղային հոգսերն ու խանութներին ունեցած պարտքերը։
Ընտանիքի միակ եկամուտը 28.000 դրամ կազմող նպաստն է: Այս գումարը նույնիսկ ապրելու համար չի բավարարում: Խանութներում արդեն հրաժարվում են ապառիկով սնունդ տրամադրել Սաթենիկին։
«Արդեն 100.000-ի պարտք ունեմ խանութներում, նիսյա արդեն չեն էլ տալիս, եկել, դուռս ջարդում են, թե պարտքը տուր: Ամենքին 5000-ով տալիս եմ, բայց դրանով հարցը չի լուծվում»,- մոլորված պատմում է Սաթենիկը`չիմանալով, թե պարտքը թեթեւացնելուց հետո ինչպես է ապրելու ամբողջ ամիս:




























