Լոռու մարզի Թումանյան քաղաքում հունվարի 16-ին 3 անձի դանակահարության հանգամանքները պարզվել են. առերեւույթ հանցագործություն կատարած անձը կալանավորվել է: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ հունվարի 16-ին «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի թափանցող, ձախ բազուկի կտրած-ծակած արյունահոսող վերքերով եւ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերքով իրենց մոտ են ընդունվել Թումանյան քաղաքի բնակիչներ 30-ամյա Հրաչ Մովսեսյանն ու 55-ամյա Ռոբերտ Հովսեփյանը:

Դեպքի առթիվ հաջորդ օրը հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Բացի այդ, 2016 թվականի հունվարի 17-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից  ոստիկանության Բազումի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի ծակած-կտրած թափանցող վերքով բժշկական կենտրոն է ընդունվել Վանաձոր քաղաքի բնակիչ Ա.Հարությունյանը: Այս դեպքով նույնպես քրեական գործ է հարուցվել:

Քրեական գործերով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված 3 անձանց մարմնական վնասվածքները պատճառվել են նույն վայրում, նույն անձի կողմից։ 2016 թվականի հունվարի 19-ին որոշում է կայացվել՝ վերոհիշյալ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու  մասին:

Նախնական քննության տվյալներով՝ Լոռու մարզի բնակիչ Ա.Բարխուդարյանը հունվարի 16-ին տուժողների հետ միասին մասնակցել է խնջույքի, որի ավարտից հետո՝ ժամը 23:00-ի սահմաններում, շենքի բակում Հ. Մովսեսյանի եւ Ա. Հարությունյանի կողքով անցնելիս լսել է նրանց ծիծաղի ձայները։ Կարծելով, թե վերջիններս իր վրա են ծիծաղում՝ սկսել է վիճաբանել, ապա վիճաբանությունը վերածվել է քաշքշոցի, որի ժամանակ իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով երեք անձի պատճառել է մարմնական վնասվածքներ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Լոռու բնակիչ Ա.Բարխուդարյանին հունվարի 20-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց մարմնական վնասվածք պատճառելը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: