Գորիսի թիվ 37/09 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գորիսի բնակիչ Ա. Գյուրջյանը, ընդգրկված լինելով թիվ 37/02 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում, դեկտեմբերի 6-ին գնացել է ընտրատեղամաս եւ մասնակցել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում կրկին ընտրելու նպատակով նա գնացել է Գորիսի թիվ 37/09 ընտրատեղամաս, ստացել քվեաթերթիկ եւ փորձել քվեարկել այլ անձի փոխարեն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հանձնաժողովի անդամը նրա անձնագրում նկատել է հանրաքվեին արդեն մասնակցած լինելը հավաստող դրոշմակնիքի հետքը։ Ա. Գյուրջյանը, վերցնելով անձնագիրը, լքել է ընտրատեղամասը՝ թողնելով ծրարով քվեաթերթիկը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա. Գյուրջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։