Լոռու մարզում 5 մոզի գողացած անձն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ տվել խոստովանական բացատրություն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունվարի 20-ին ժամը 17:00-ին 35-ամյա Սասուն Ս.-ն ոստիկանության Գուգարքի բաժնում խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը ժամը 04:00-ի սահմաններում, Դեբեդ գյուղում գտնվող, Գառնիկ Ո.-ին պատկանող անասնագոմի դռան փականը բացելով՝ գողացել է 5 մոզի: Այնուհետեւ Սասունը դրանք իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել և իրացրել Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ Գուրգենին:
Գառնիկ Ո.-ին պատճառվել է մոտ 880 հազար դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գուրգենի ինքնությունը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




























