«Ամերիաբանկ»-ը ծրագրում է առաջիկա 2-3 տարվա ընթացքում IPO անցկացնել: Հունվարի 21-ին Երեւանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ ֆինանսական համաձայնագրերի կնքումից հետո այս մասին հայտարարեց «Ամերիաբանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը:

Տեղակայման ավելի հստակ չափանիշները կախված կլինեն ինչպես կապիտալի միջազգային շուկայում տիրող իրավիճակից, այնպես էլ բանկի դինամիկայից:

«Ընդհանուր առմամբ, IPO-ն սկսում են 30-40% բաժնետոմսերից: Իսկ հստակ մանրամասները կախված կլինեն այն բանից, թե որքան հաջողակ կլինենք առաջիկայում»,- հայտարարեց Մկրտչյանը:

Նշենք, որ համաձայնագրերից մեկով EBRD-ն «Ամերիաբանկ»-ի կապիտալում 40 մլն դոլար կներդնի: Առաջին փուլում բանկը կներդնի 30 մլն դոլար՝ բաժնետոմսերի շուրջ 20%-ի գնման համար: Մնացյալ 10 մլն-ը կօգտագործվի բանկի կապիտալի հետագա աճի համար:

Մյուս համաձայնագրով, IFC-ն «Ամերիաբանկ»-ին 50 մլն դոլարի չափով սուբորդինացված վարկ է տրամադրել:

«Ամերիաբանկ»-ը ակտիվներով, վարկային պորտֆելով, պարտավորություններով եւ ներդրումներով Հայաստանի խոշորագույն բանկերից է: Բանկի ընդհանուր կապիտալը ներկայում կազմում է գրեթե 200 մլն դոլար, իսկ 2015 թվականի վերջին ընդհանուր ակտիվները կազմել են շուրջ 1 մլրդ դոլար: