Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում Արտաշատում գործող հանցավոր խմբի մասին:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության, պարզվել են նաեւ այլ հանցադրվագներ: Այսպիսով հունվարի 15-ին ժամը 17.30-ից մինչեւ հունվարի 16-ի ժամը 07.30-ն ընկած ժամանակահատվածում, Սիսակ Ե.-ն, Վլադիմիր Մ.-ն, Կարեն Ա.-ն եւ Մեսրոպ Հ.-ն «Սախարովի» անվան տոնավաճառի երկաթյա դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, մուտք են գործել 31-ամյա Լիլիթ Ղ.-ին պատկանող տաղավար եւ այնտեղից գողացել տղամարդու տարբեր տեսակի հագուստ` ընդհանուր պատճառելով 800 հազար դրամի նյութական վնաս:
Խումբը դեկտեմբեի 17-ի ժամը 20.00-ից մինչեւ դեկտեմբերի 18-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում, հետնամասի դուռը կոտրելով, Գոհար Ս.-ի մթերային խանութից գողացել են ծխախոտ, լիցքավորման քարտեր, 49 հազար դրամ եւ տարբեր տեսակի այլ մթերքներ` պատճառելով մոտ 400 հազար դրամի նյութական վնաս:
Բացի դրանից, նույն խումբը դեկտեմբերի 17-ին, ժամը 00.01-ի սահմաններում գնացել են Շահումյան գյուղում գտնվող, Շողիկ Ե.-ին պատկանող մթերային խանութ եւ փորձել են հարմարեցված գործիքով բացել խանութի դուռը, գողություն կատարելու նպատակով, սակայն, նկատելով, որ Շողիկ Ե.-ն եւ վերջինիս ամուսինը գտնվում էին խանութում՝ դիմել են փախուստի:
Նույն օրը նրանք գնացել են Այգեզարդ գյուղում գտնվող, Գրիգոր Գ.-ին պատկանող մթերային խանութ, դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով մուտք են գործել ներս եւ այնտեղից գողացել տարբեր տեսակի ծխախոտներ, 30 հազար գումար` ընդհանուր պատճառելով մոտ 130 հազար դրամի վնաս:
Նույն ամսին /կոնկրետ օրը պարզվում է/ խումբը տեխնիկական միջոցների գործադրմամբ, Արտաշատի Իսակովի փողոցի 105 շենքի հարեւանությամբ գտնվող ավտոտնակի դարպասի կողպեքը կոտրելով, Արմեն Ս.-ին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի սրահի պահախցից գողացել են նրա դրամապանակը, որի մեջ եղել է 200 հազար դրամ եւ 50 դոլար:
Նրանք նաեւ Արտաշատի Արազի փողոցի 45 շենքի հարեւանությամբ գտնվող ավտոտնակից ավտոտնակի դարպասի կողպեքը բացելով, գողացել են Ավետիկ Խ.-ին պատկանող 1 հնդկահավը` պատճառելով մոտ 15 հազար դրամի նյութական վնաս:
Դեկտեմբերի 20-ին ժամը 23.30-ից մինչեւ դեկտեմբերի 21-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, հանցավոր խումբը տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան վրա առեւտրի համար թողած պատուհանը բացելով, Սահակ Ս.-ի մթերային խանութից գողացել են ծխախոտ, կոնֆետներ, մոտ 14 հազար դրամ եւ արծաթյա մատանի` պատճառելով մոտ 311 հազար դրամի նյութական վնաս:
Սիսակ Ե.-ն, Վլադիմիր Մ.-ն, Կարեն Ա.-ն եւ Մեսրոպ Հ.-ն ձերբակալված են:
Քննությունը շարունակվում է:
Ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնել էր, որ գողություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել 21-ամյա Սիսակ Ե.-ին եւ 27-ամյա Վլադիմիր Մ.-ին:
Պարզվել էր, որ Սիսակ Ե.-ն, Վլադիմիր Մ.-ն, 1994 թ. ծնված Կարեն Ա.-ն եւ ոմն Մոսո հունվարի 16-ին, ժամը 02.00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով` մտել էին 1987 թ. ծնված Էդգար Օ.-ին պատկանող, Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 111 հասցեում գտնվող տոնավաճառի տաղավարներից մեկը եւ գողացել տղամարդու եւ կանացի կոշիկներ` պատճառելով մոտ 2 մլն դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ Մոսոն 1996 թ. ծնված Մեսրոպ Հ.-ն է, որը հունվարի 19-ին, ժամը 15.30-ին, ներկայացել էր բաժին, իսկ Կարեն Ա.-ն ժամը 16.10-ին բերման էր ենթարկվել:




























