Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր՝ հունվարի 21-ին, բողոքի ակցիա էր կազմակերպել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի տան դիմաց:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գասպարին հայտնեց, որ ինքն այդ կերպ փորձում էր պատգամավորի ուշադրությունը հրավիրել տոնական օրերին կալանավորված Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ իրականացվող բռնություններին:

«Ես ընտրել եմ ՀԱԿ-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իսկ Ստեփան Դեմիրճյանն էլ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է: Այդ պատճառով հենց նրա տան դիմաց եմ բողոքի ակցիա իրականացրել, քանի որ ՀԱԿ-ը մարդու իրավունքների բնագավառում պասիվ գործունեություն է ծավալում»- ասաց Վարդգես Գասպարին:

Ակտիվիստը մոտ 1 ժամ պառկել է Ստեփան Դեմիրճյանի տան դիմաց, սակայն ոչ ոք նրան չի մոտեցել եւ նրա խնդիրը չի լսել:

Նշենք, որ Գասպարիի ձեռքին «ԱԺ մանդատը պատվոգիր չէ, ոչ էլ սեփական բարեկեցության հայթայթման միջոց» գրությամբ պաստառ է եղել: