Ամերիկյան Մինեսոտայի բնակիչները սկսել են սոցցանցերում սառած տաբատների լուսանկարեր տեղադրել: Առաջինն այդպիսի լուսանկար է հրապարակել Մինեապոլիսի բնակիչ Թոմ Գրոթինգը, որը սովորաբար տարբեր կերպ փորձում է զվարճացնել իր հարեւանուհի Դիանային:
ABC News-ի հետ զրույցում Գրոթինգը ներկայացրել է տաբատներից քանդակների ստեղծման գաղտնիքը: Այն շատ պարզ է. հարկավոր է տաբատը թրջել ջրով լի դույլի մեջ, այնուհետեւ կախել փողոցում՝ մինչեւ ամրանան: Գործընթացն առնվազն 30 րոպե է խլում:
Ըստ Lenta-ի, ամերիկացին քաղաքում սառած ջինսեր է շարում արդեն մի քանի տարի շարունակ, սակայն միայն այս տարի է նրա նախաձեռնությունն աջակիցներ գտել, երբ տղամարդն իր ստեղծագործությունների լուսանկարն ուղարկել է I love NE Minneapolis-ին: Դրանից հետո այլ նահանգներից ամերիկացիներ նույնպես սկսել են սոցցանցերում այդպիսի լուսանկարեր հրապարակել՝ դրանք տարածելով #frozenpants հեշթեգով:




























