«Նոյեմբերի 5»-ի գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանն այսօր՝ հունվարի 21-ին, հացադուլ է հայտարարել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:
«Այսօր՝ հունվարի 21-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարել քաղբատարկյալ Շանթ Հարությունյանը, որով նա պաշտպանում է քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի պահանջները։ Հայկ Կյուրեղյանը 7 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ և 4 օր՝ ջրադուլի մեջ»,- գրել է Շահեն Հարությունյանը:
Նշենք, որ Կյուրեղյանը պահանջում է ապահովել սեփական անձի անվտանգությունը քրեակատարողական հիմնարկներում:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին:
Գործով բողոք էր ներկայացվել Վերաքննիչ քրեական դատարան, դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը:




























