Նավթի գների՝ մշտապես բացասական դինամիկան ոչ միայն դժվարացնում է պետբյուջեի հավասարակշռման խնդիրը, այլեւ ծանր է ընկալվում հոգեբանական տեսանկյունից: Դավոսի համաժողովում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Անկեղծ ասած՝ դա քայքայում է, այդ թվում՝ հոգեբանական տեսանկյունից, էլ չեմ խոսում պետբյուջեի հավասարակշռման անհրաժեշտության մասին»,- Ալիեւի խոսքերն է մեջբերում RNS-ը:
Նա խոստովանել է, որ դժվար է ակնկալել, որ նավթի գինն ավելի կընկնի: Ըստ Trend գործակալության, Ալիեւը կանխատեսում է, որ հաջորդ տարի նավի գինը կկազմի 60-70 դոլար:
Պետության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի ընթացիկ տարվա բյուջեն կազմվել է՝ 50 դոլար նավթի գնի հաշվարկով, եւ գների անկման նոր փուլը բարդացրել է տնտեսության վիճակը:
Ալիեւի խոսքով, չնայած նավթի գների անկմանը, Ադրբեջանը պահպանել է պետբյուջեի սոցիալական փաթեթը, իսկ երկրի ազգային տնտեսությունը կայուն է:




























