Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում ցուրտ եղանակի պատճառով հետաձգվել են տարրական դասարանների դասերը եւ կրճատվել են ավագ դպրոցների դասաժամերը։ Այս մասին ասված է քաղաքի կրթության դեպարտամենտի պաշտոնական որոշման մեջ։ «Շարունակվող ցրտերի պատճառով եւ ջերմաստիճանի հետագա անկման կանխատեսումների ֆոնին տարրական դասարանների դպրոցական պարապմունքները հունվարի 21-23-ը չեղարկվում են»,- հայտնել են դեպարտամենտից։ Բացի այդ, ավագ դասարաններում դասերը մեկ ժամ ուշ են սկսվելու եւ վերջանալու են մեկ ժամ շուտ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հնդկաստանի մայրաքաղաքում այսօր գրանցվել է ձմռան ամենացուրտ օրը՝ +4.2 աստիճան Ցելսիուսի սանդղակով 97 տոկոսից բարձր խոնավության պարագայում։ Հաշվի առնելով, որ երկրում կենտրոնական ջեռուցում չի գործում, իշխանությունները կարծում են, որ նման եղանակին դպրոցական պարապմունքները կարող են վնաս հասցնել աշակերտների առողջությանը։



























