Ֆրանսիական Faraday Project ընկերությունը հագուստի հավաքածու է ստեղծել, որն իր մեջ ներառում է նորաձեւության միտումները եւ բարձր տեխնոլոգիաները: Իրերի ստեղծման ժամանակ արծաթ է օգտագործվել, եւ դրանք, ինչպես տեղեկացնում է  WWD-ն, կոչված են տերերին պաշտպանելու էլեկտրամագնիսական ճառագայթումից: Շարքը կներկայացվի Փարիզի Նորաձեւության շաբաթի ընթացքում:

Ընկերությունն անվանակոչվել է բրիտանացի գիտնական Մայքլ Ֆարադեյի պատվին, որը հայտնաբերել էր էլեկտրամագնիսական ինդուկցիան եւ էլեկտրամագնիսական դաշտի տեսության հիմնադիրն էր դարձել:  Հավաքածուն ներառում է բաճկոնակներ, ջինսեր եւ շապիկներ: Դրանց գները տատանվում են 95-ից 290 եվրոյի արանքում: Վաճառքի միջոցների մի մասը կտրամադրվի Union for International Cancer Control կազմակերպության կարիքներին, որը զբաղվում է քաղցկեղի դեմ պայքարով, տեղեկացնում է Lenta-ն:

Անցյալ տարվա դեկտեմբերին Adidas ընկերությունը Parley for the Oceans կազմակերպության հետ համագործակցությամբ ներկայացրել է մարզակոշիկների կոնցեպտուալ մոդել, որը պատրաստված է օվկիանոսային աղբից:  Վերամշակված պլաստիկ նյութերը դիզայներներն օգտագործել են ինչպես կոշկատակերում, այնպես էլ մարզակոշիկներին վերին մասում: Կոշիկների ստեղծման մեջ 3D տպագրության տեխնոլոգիաներ են կիրառվել:

Ենթադրվում է, որ մոդելը կպատրաստվի անհատական չափերով: Այդ նպատակով խանութի այցելուները պիտի մի քանի րոպե վազեն վազքուղով: Դրանից հետո կստեղծվի ոտքի ճշգրիտ կաղապարը, որի հիմքի վրա կմշակվի եւ 3D տպիչով կտպվի յուրահատուկ կոշկատակը: