ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ապրի Հայաստանի Հանրապետության օրենքներով, իսկ ովքեր այդ օրենքներից դուրս են գործունեություն ծավալում, պետք է պատասխանատվություն կրեն:  Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառանալով ազատամարտիկների ձերբակալությանը որպես հանցավոր խմբի անդամների:

«Փառք ու պատիվ այն ազատամարտիկներին, որոնք օրենքով են ապրում: Փառք ու պատիվ նրանց, ովքեր մեծ փորձ ունեն, փառավոր ճանապարհ են անցել»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է ազատամարտիկներ Խաչիկ Ավետիսյանի, Վոլոդյա Առաքելյանի ձերբակալություններին, նախարարը խորհուրդ տվեց դիմել պատկան մարմիններին, որոնք զբաղվում են այդ հարցով:

«Եթե կան ձերբակալություններ, ուրեմն կան խախտումներ: Օրենքից դուրս ոչ ոք չի աշխատում»,- նշեց նախարարը:

Հարցին՝ հավատո՞ւմ է արդյոք, որ նրանք ահաբեկչություն էին ծրագրել իշխանության դեմ, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ով է ահաբեկչություն ծրագրել, համենայնդեպս, գոյություն ունեցող նյութերը եւս մեկ անգամ փաստում են, որ նրանք գործողություն ծավալել են»:

Անդրադառնալով ազատամարտիկների այն հայտարարությանը, որ այդպիսով իշխանությունը վախի մթնոլորտ է ստեղծում իրենց գործունեության դեմ ըմբոստացող ազատամարտիկներին ճնշելու նպատակով, նա ասաց. «Չեմ կարծում, որ վախի մթնոլորտ է ստեղծվում, իմ գործընկերները, իմ մարտական ընկերները, որոնք ապրում են այսօրվա ՀՀ օրենքներով, նաեւ համարձակ են իրենց գործողությունների մեջ»: