ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանն այսօր՝ հունվարի 22-ին, միաձայն ընտրվել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի խորհրդի նախագահ:

Բուհի լրատվական ծառայությունից հայտնում են, որ  խորհրդի նիստին մասնակցող, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտնել է, որ շուրջ մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում Հովհաննես Հովսեփյանն ուշադրությամբ հետեւել է բուհի աշխատանքներին, կատարել իրեն վերապահված բոլոր լիազորությունները` նպաստելով բուհի զարգացմանը: Ըստ նախարարի՝ 2015 թ.-ի ընթացքում հաջողվել է հաղթահարել բուհի առջեւ կանգնած մարտահրավերները, այդ թվում` Հովհաննես Հովսեփյանի հետեւողական աշխատանքի շնորհիվ:

Հովհաննես Հովսեփյանն իր հերթին նշել է, որ լեզվահասարակագիտական համալսարանը հիրավի ձեւավորված ավանդույթներով բուհ է, որտեղ աշխատում է հմուտ կոլեկտիվ, սովորում առաջադեմ ուսանողություն:

«Այս ընթացքում ծանոթացել եմ բուհի խնդիրներին, իմ ուժերի ներածին չափով մասնակցել դրանց լուծմանը, Վստահ եմ, որ այս տարի համարյա բոլոր բացթողումները կշտկենք, հետեւողական կլինենք բուհի խնդիրների լուծման հարցում, կշարժվենք առաջ` հանուն մեր միասնական գործի: Համակարգի արդունավետ կառավարման պարագայում բուհն առաջընթաց եւ նոր հաջողություններ կարձանագրի»,-նշել է Հովհաննես Հովսեփյանը:

Այնուհետեւ տեղի է ունեցել կառավարման խորհրդի նախագահի ընտրությունը, որի արդյունքում Հովհաննես Հովսեփյանը միաձայն ընտրվել է խորհրդի նախագահ: Վերջինս շնորհակալություն է հայտնել կառավարման խորհրդի անդամներին` կրկին վստահեցնելով, որ ուսանողների խնդիրները լինելու են իր ուշադրության կենտրոնում: