Շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ առաջիկայում նախատեսվում է Աբովյան, Պուշկին եւ Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում, որի մեջ մտնում է նաեւ «Դոլմամա» ռեստորանը, իրականացնել շենքերի ապամոնտաժման աշխատանքներ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր` հունվարի 22-ին, հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը:

Դեռեւս 2008 թվականի օգոստոսին, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, վերը նշված հատվածը ճանաչվել է հանրային գերակա շահ: Տարածքը ձեռքբերող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունն առ այսօր իրականացնում է առկա գույքերի ձեռքբերման գործընթաց, եւ տարածքի կառուցապատման հետ կապված որեւէ նախագիծ մինչ օրս չի ներկայացրել Երեւանի քաղաքապետարան: Համապատասխանաբար, տվյալ տարածքի շենքերի քանդման կամ ապամոնտաժման թույլտվություններ չեն տրամադրվել:

Հարկ ենք համարում նաեւ նշել, որ տվյալ տարածքում առկա են թվով 4 հուշարձան-շենքեր, որոնց պահպանման հետ կապված Երեւանի քաղաքապետարնի դիրքորոշումը հստակ է՝ դրանք պահպանվելու են նույն տեղում: