Դեկտեմբերին բաժանորդների կողմից փաստացի սպառած գազի ծավալը համապատասխնում է գազահաշվիչի ցուցմունքին, հետեւաբար  նաեւ այդ  հիմքով ներկայացված վճարման ենթակա գումարին: Այս մասին NEWS.am-իը տեղեկանում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից:

Ինչ վերաբերում է որոշ բաժանորդների կողմից բարձրացված դժգոհություններին,  թե հաշիվներն ավելի շատ են, քան նախորդող  նոյեմբերին, կամ  պայմանականորեն ասած ջեռուցման սեզոնի առաջին ամսին, ապա, ըստ «Գազպրոմ Արմենիայի», անհրաժեշտ է հաշվի առնել մեկ կարեւոր եւ որոշիչ հանգամանք՝ եղանակային   ջերմաստիճանը, ինչը ըստ Հիդրոմետի ներկայացված պաշտոնական տվյալների,օրինակ, Երեւանում միջին ջերմաստիճանը  նոյեմբեր ամսին կազմել է +5-ից  +7 աստիճան տաքություն, դեկտեմբեր ամսին՝ միջին 0-ից  -1,5 աստիճան ցուրտ: 

«Ակնհայտ է, որ արտաքին ջերմաստիճանի նվազման պարագայում սպառումը աճում է՝ ջեռուցվող տարածքի անհրաժեշտ ջերմաստիճանը ապահովելու համար: Իհարկե, ինչ-որ տեղ պետք է հաշվի առնել նաեւ նախատոնական օրերին հատուկ կենցաղային նպատակներով օգտագործվող լրացուցիչ ծավալը:

Առանձին բաժանորդների  դժգոհությունների կամ անհամաձայնությունների հետ կապված «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստ է դիտարկել բոլոր դեպքերը փաստացի հասցեներով եւ ներկայացնել գազի ծախսի ու վճարման ենթակա գումարների ամբողջական էպիկրիզը՝ նաեւ նախորդ տարիների համեմատականով: Բաժանորդները կարող են դիմել Ընկերության «թեժ գիծ»  կամ տարածքային ծառայություններ»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում: