Արմավիրի հիվանդանոցում 2015թ. հունիսին մահացած 4-ամյա Կարինեի գործով դատական նիստին այսօր՝ հունվարի 22-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վկայություն են տվել մահացած երեխայի ծնողներն ու տատը:
Երեխայի տատը՝ Կարինե Հովհաննիսյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանում իրենք պատմել են դեպքի մանրամասները:
«Դատարանում պատմել ենք մանրամասները, ասել ենք, որ ընդունարանում ոչ մի բժիշկ չի եղել, երեխային չի զննել, մինչդեռ իրենք պնդում են, թե երեխայի զննել են»,- ասաց Կարինե Հովհաննիսյանը:
Կարինե Հովհաննիսյանը նշեց, որ մեղադրյալը՝ բժշկուհին ոչ մի հարց չի ուղղել իրենց:
«Արմավիր» ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի նախկին վարիչ Անահիտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը): Ըստ նախաքննական մարմնի՝ երեխան այնպիսի վիճակում է եղել հիվանդանոց ընդունվելիս, որ նրան պետք էր անմիջապես տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, ինչի դեպքում հնարավոր կլիներ փրկել նրա կյանքը:
Բժշկուհին հեռացվել է աշխատանքից: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ երեխան հիվանդանոց էր ընդունվել 2015.թ հունիսի 16-ին՝ ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել: Հարազատների խոսքով՝ երեխայի մոտ լուծ չի եղել, հիվանդանոց ընդունվելիս նա թույլ չի եղել, իրեն լավ է զգացել:
Ջրաշենցի երեխայի ծնողները չեն հավատում մահվան պաշտոնական վարկածին, ըստ որի նա մահացել է տոքսիկ շոկից: Ըստ երեխայի տատիկի, որը մահվան պահին ու դրանից առաջ երեխայի կողքին էր եղել, փոքրիկին մահվանից մոտ տասը րոպե առաջ բժշկուհու հսկողությամբ ստամոքսի լվացում են արել, սակայն օրգանիզմից ջուրը դուրս չէր եկել: Հարազատները ենթադրում են, որ ջուրը երեխայի թոքերն է լցվել ստամոքսի փոխարեն, ինչի հետեւանքով էլ նա մահացել է: Բժշկուհին հերքում է այս մեղադրանքը:




























